Գլխավոր էջ
 

Սկիզբը ‹‹Պեպո››-ով

Հայաստանի տարածքում առաջին պետական թատրոնը, որը հետագայում Գաբրիել Սունդուկյանի անունով կոչվեց, 1922թ. հունվարին բացեց իր վարագույրը՝ Սունդուկյանի անմահ ‹‹Պեպոն›› հռչակելով ծնննդյան վկայագիր և ծրագրային արժեք:Թատրոնի առաջին գեղարվեստական ղեկավարը եղել է ռեժիսոր Լևոն Քալանթարը:
Իսահակ Ալիխանյանն ու Լևոն Քալանթարը, առաջնորդվելով մասնավորաբար Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի հիմնավորած մեթոդատանությամբ և բնավ չհեռանալով ազգային թատրոնի առանձնատիպություներից, ստեղծեցին ժամանակի գեղագիտական հաստատումներին համահունչ մի թատրոն, ուր ավանդականն ու նորարականը միահյուսվեցին, ուր առաջին անգամ հայ թատերական իրականության մեջ ներդաշնակվեցին ռեժիսորական և դերասանական թատրոնները:



   

Ի վերջո, ստեղծվեց ծրագրային-խաղացանկային թատրոն, որն էլ բացահայտեց դերասանական ուժեղ անհատականություների ստեղծագործական կուտակումները, այստեղ ճանապարհ բացվեց Վահրամ Փափազյանի, Հովհաննես Աբելյանի, Հրաչյա Ներսիսյանի, Օլգա Գուլազյանի, Հասմիկի, Գուրգեն Ջանիբեկյանի, Վաղարշ Վաղարշյանի, Թադևոս Սարյանի, Դավիթ Մալյանի, ազգային դերասանական դպրոցի մյուս երևելիների համար: Հավատարիմ հոգեբանական ռեալիզմի և բարձր պաթոսի թատրոնների սկզբունքներին, նրաք ստեղծեցին իրենց ժամանակների թատրոնը, պոռթկուն հայրենասիրության, ցայտուն հուզականության, մեծ կրքերի ու մեծ բախումների թատրոնը, ու հենց դա էր պատճառը, որ թատրոնի խաղացանկում զարմանալի ներդաշնակություն են կազմում Շեքսպիրն ու Բոմարշեն, Յուջին Օ’նիլն ու Շիլլերը, Սունդուկյանն ու Օստրովսկին, Պարոնյանն ու Մոլյերը: Թատրոնը հատկապես դասականներ բեմադրելիս դիմեց ժամանակի ամենատարբեր փորձարարություներին՝ այսպիսով աստիճանաբար հասնելով իր գեղարվեստական ընթացքի բյուրեղացումին:


Հայաստանի տարածքում առաջին պետական թատրոնը 1922թ.-ին բացեց իր վարագույրը
«Պեպո» պիեսի ներկայացումով
   
    Գ. Սունդուկյանի անվան թատրոնի հին շենքը:
Թատրոնն այստեղ գործել է 1922-1938թթ
 
 
 



1930-50-ական թվականներին Արմեն Գուլակյանն ու Արշակ Բուրջալյանը հիմք դրեցին ռեժիսորական նոր ավանդույթների ձևավորմանը՝ ճանապարհ հարթելով Վարդան Աճեմյանի համար: Գուլակյանի շնորհիվ հայ դասական թատերգությունը ճեռք բերեց մեկնաբանման նոր սկզբունքներ. ուրույն թափանցումներով ներկայացավ ռուս դրամատուրգիան, իսկ ‹‹Դիմակահանդեսն›› ու ‹‹Կենդանի դիակը›› հռչակվեցին ուղենիշային արժեքներ:
Թատրոնի ստեղծագործական վերելքները պայմանավորվեցին Ա. Բուրջալյանի ‹‹Համլետով››, ուր հայացք հառվեց դեպի Գորդոն Կրեզի ընկալումները, Բ. Զախավայի ‹‹Եգոր Բալըշովը և ուրիշներով››...
Թատրոնն իր վրա կրեց ժամանակի բոլոր ազդեցությունները, երկրորդ աշխարհամարտի դժվարություններն առավ իր ուսերին՝ ստեղծելով բարձր պաթոսի և վառ հայրենսիրության ներկայացումներ, ապա նորից կանգնեց հոգեբանական ռեալիզմի դիրքերին ու արդիականության խնդիրների արծարծմանը: Այս ամենը նպաստեց դերասանական նոր ու շքեղ սերնդի ձևավորմանը: Վարպետների թատրոնը նոր անուններ ի հայտ բերեց, ազգային բեմարվեստը հարստացավ Բաբկեն Ներսիսյանի, Մետաքսյա Սիմոնյանի, Արուս Ասրյանի, Դավիթ Մալյանի, Վարդուհի Վարդերեսյանի, Մհեր Մկրտչյանի, Խորեն Աբրահամյանի, Սոս Սարգսյանի, էդգար էլբակյանի, Հովակ Գալոյանի, Լուսյա Հովհաննիսյանի, Արմեն Խոստիկյանի, մյուսների անուններով: Նոր սերնդի համար ուրույն ոգևորություն էր Վահրամ Փափազյանի վերադարձը, որը նշանավորվեց Մեք-Գրեգորի (‹‹Իմ սիրտը լեռներում է››) խորապես ողբերգական կատարմամբ: Սունդուկյանի անվան թատրոնը ժամանակի անդրադարձը եղավ թե՛ գեղարվեստական, թե՛ գաղափարական-քաղաքական առաջնություններով: Ու դա պատմաշրջանի պահանջն էր:
1960 թվականին թատրոնը ստանում է ակադեմիական կոչումը






 
 
Վարդան Աճեմյան
1905-1977
 
 
 
 
 
 
 
 
Վահրամ
Փափազյան
1888-1968

Հրաչյա
Ներսիսյան
1895-1961


 
 
 
 
 
 
 

Արուս Սարյան
1904-1987

Մետաքսյա
Սիմոնյան
1926-1987

 
 
 
 
 
 
 

Ավետ
Ավետիսյան
1897-1971

Մհեր Մկրտչյան
1930-1993


   
 
Խորեն
Աբրահամյան

Վարդուհի
Վարդերեսյան

Սոս
Սարգսյան


Նոր բեկումների ժամանակաշրջանը
Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնը 1950-70-ական թվականներին, աճեմյանական բարձրաթռիչք հաստատումների տարիներին, դարձավ թատերական օրգանիզմ, դարձավ ԽՍՀՄ ամենանշանավոր թատրոններից մեկը, ուր կյանքի կոչվեցին ազգային դասականի լավագույն դրսևրումները, հատուկ խորքայնությամբ և վառ թատերայնությամբ հառեցին Վ. Փափազյանի ‹‹Ժայռը››, Հ Պարոնյանի ‹‹Պաղտասար աղբարը››, Ալ. Շիրվանզադեի ‹‹Նամուսն›› ու ‹‹Քաոսը››, թատրոնն ընդլայնեց իր շեքսպիրյան խաղացանկը՝ անդրադառնալով ‹‹Լիր արքային››, ‹‹Ռոմեո և Ջուլիետին››, բեմ բերեց օրերի մարդուն ու ծավալեց ակտիվ, համակողմանի քննարկում-բանավեճ: Վարդան Աճեմյանի և նրա կողքին կանգնած Հրաչյա Ղափլանյանի ջանքերով նորացման շունչը թատրոն եկավ, տարբեր արտահայտչաձևերն սկսեցին տիրապետող դառնալ՝ պահպանելով հավատարմությունը վախտանգովյան գեղարվեստական սկզբունքներին, ‹‹Ֆանտաստիկ ռեալիզմի›› տեսությանը, ինչն այս թատրոնի ստեղծագործական առանձնատիպությունների հենարանն է: Աճեմյանական սկիզբը խթան եղավ Հրաչյա Ղափլանյանի և Խորեն Աբրահամյանի համար, որոնք էլ ստեղծեցին Շեքսպիրի ‹‹Կորիոլան››, Ն. Զարյանի ‹‹Հացավան›› շրջափուլային ներկայացումները:
90-ականներից թատրոն եկավ ռեժիսորական նոր մտածողության՝ այժմ արդեն գեղագիտական իր արմատներով թայիրովյան-էֆրոսյան ծայրաբևեռները միավորող հենքին մերձեցող մտածողություն, որը նոր է ու թարմ, որն ամբողջապես պաշտպանում է ‹‹անսամբլային թատրոնի›› գեղարվեստական մեթոդաբանությունը: Այժմ արդեն տիրապետող դարձան քսաներորդ դարավերջի և 21-րդի սկզբի ուրույն չափումները, որոնք նախապատվությունը տալիս էին պատկերային համակարգերի ընդլայնումին, նշանային մետաֆորային լուծումներին, նոր մեկնաբանություններին:
Իրար հաջորդեցին Լևոն Շանթի ‹‹Հին աստվածներ››, Ա. Չեխովի ‹‹Բալի այգին››, Ֆ. Գ. Լորկայի ‹‹Բեռնարդան և իր աղջիկները››, Թ. Ուիլյամսի ‹‹Տրամվայ ‹‹ցանկություն››, Ա. Վարդանյանի ‹‹Ախացելը››, Ռ. Շառոյանի ‹‹Մեր բաժին ուրախությունը››, Պերճ Զեյթուոնցյանի ‹‹Ոտքի', դատարանն է գալիս››, Բերթոլդ Բրեխտի ‹‹Կովկասի կավճե շրջան››, Ֆրանց Վերֆելի ‹‹Մուսա լեռան 40 օրը››, Անտոնիո Բուերո Վալիեխոյի ‹‹Գոյա››, Վիլյամ Շեքսպրիրի ‹‹Լեգենդ Մակբեթի մասին›› և  այլ բեմադրություներ, որոնցում հատկապես իմաստային ենթաշերտերը բացվում-պարզվում են ոճական արտահայտչական նորահաստատումներով, մասնավորաբար ‹‹պոետիկ թատրոնի›› սկզբունքներով, երբ բանաստեղծական մետաֆորը վերափոխվում է թատերական մետաֆորի՝ հաստատելով նոր ելակետերի, նոր մոտեցումների ժամանակը:Ու Այսօր որքան մեծ է Սունդուկյանի անվան թատրոնն իր իննսունամյա տարիքով, այնքան էլ երիտասարդ է, քանզի չժխտելով ավանդույթները, երես չթեքելով իր պատմությունից, այն, այնուամենայնիվ, մի նոր թատրոն է՝ հնի և նորի զարմանալի զուգորդումներով:
 
Գլխավոր էջ