
Ծնվել է Թիֆլիսում և բեմ է բարձրացել 1919-ին, ժամանակի նշանավոր ռեժիսոր Հ. Ոսկանյանի թատերախմբի հետ:
1924-ին հրավիրվել է Թիֆլիսի Հայ դրամա, իսկ 1929-ից դարձել է Հայաստանի երկրորդ պետական թատրոնի (Գյումրի) առաջատար դերասանուհին:
Արուս Ասրյանի ստեղծագործական կյանքում մեծ դեր է խաղացել Վարդան Աճեմյանը` նրա կյանքի ընկերն ու ուսուցիչը: Արուսի արվեստի սկզբունքները շատ կողմերով, զարմանալիորեն առնչված էին Աճեմյանի գեղարվեստական ըմբռնումների հետ և բնականաբար մեծն դերասանապետը նրան պիտի բերեր Սունդուկյանի անվան թատրոն: Ու 1940-ին Մայր թատրոնի դերասանական աստղաբույլը պիտի համալրվեր ևս մի տաղանդավոր անունով:
Արուս Ասրյանի արվեստին բնորոշ են եղել ցայտուն ռիթմի ու շեշտված դերապատկերի նախասիրությունը, ճկուն խաղը:
Ստեղծագործական հետաքրքիր ճանապարհ է անցել անվանի դերասանուհին: Վաթսունհինգ տարի, ծիծաղ, արցունք, դեռահաս աղջիկներ, տարեց կանայք, սուբրետներ, հերոսուհիներ:
Մարմնավորելով հայ ռեալիստական թատրոնի լավագույն ավանդները,Արուսը միաժամանակ յուրացրել է այն նորն ու թարմը, ինչի շնորհիվ նրա արվեստը ինքնատիպ էր ու ժամանակակից:
‹‹ԻՄ ՍԻՐՏԸ ԼԵՌՆԵՐՈՒՄ Է››-Տատ
‹‹ՊԱՐՏԻԶՊԱՆԻ ՇՈՒՆԸ››-Մարսելա
‹‹ՊԱՂՏԱՍԱՐ ԱՂԲԱՐ››-Անույշ
‹‹ՄԵԾԱՊԱՏԻՎ ՄՈՒՐԱՑԿԱՆՆԵՐ››-Շողակաթ
‹‹ԱՅԼՈՑ ՀԱՄԱՐ ՀԻՄԱՐ, ԻՐԵՆ ՀԱՄԱՐ ԽԵԼՈՔ››-Դիանա
‹‹ՊԱՂՏԱՍԱՐ ԱՂԲԱՐ›› - Անույշ
‹‹ԳԱՐՆԱՆ ԱՆՁՐԵՎ››-Հեղինե

‹‹ԱՇԽԱՐՀՆ ԱՅՈ, ՇՈՒՌ Է ԵԿԵԼ››-Նուբար
|
Նրա խաղացած լավագույն դերերից են` Քսենյան (Լավրենյովի
‹‹Բեկում››), Նաստյան (Գորկի
‹‹Հատակում››), Շողակաթը (Պարոնյան
‹‹Մեծապատիվ մուրացկաններ››), Միրանդոլինա (Գոլդոնի
‹‹Հյուրանոցի տիրուհին››)` դեռևս Գյումրու թատրոնում, իսկ Սունդուկյանի անվան թատրոնում ստեղծած վառ կատակերգական` Դիանան (Լոպե դե Վեգա
‹‹Այլոց համար հիմար, իրեն համար խելոք››), Անույշը (Պարոնյանի
‹‹Պաղտասր աղբար››), Նուբարը (Ա. Պարոնյան
‹‹Աշախարհն, այո, շուռ է եկել››) և դրամատիկական՝ Տատիկը (Սարոյան
‹‹Իմ սիրտը լեռներում է››), Մարգրետը (Կրոնին
‹‹Բրոուդիի ամրոցը››), Մարեն (Զ. Դարյանի
‹‹Հանրապետության նախագահը››)` Սունդուկյանի անվան թատրոնում, ոչ միայն դերասանուհու, այլև հայ թատրոնի նվաճումները դարձան:
Գնահատելին այն է, որ դերասանուհին արվեստի բարձունքին հասել է առանց ավելորդ սեթևեթանքի, իր տաղանդի և աշխատասիրության շնորհիվ:
Արուս Ասրյանի արվեստի մատչելիությունն ու պարզությունը անպայման եկել են միշտ ժողովրդին մոտ լինելուց, նրան ծառայելու անկեղծ ու անխառն ցանկությունից: Իրավամբ տաղանդավոր դերասանուհին միշտ եղել է վառ, գունեղ, ճկուն կերպարի ջատագով: Նրա ստեղծած կերպարների արտաքին նկարագիրը մնացել է մարդկանց հիշողության մեջ և նրա ինտոնացիոն այս կամ այն երանգը մինչև այսօր կարելի է ճշգրտորեն վերարտադրել: Ժողովրդական արտիստուհի, մեծահամբավ Արուս Ասրյանի արվեստը շատ ուսանելի կողմեր ունի: Նա ընդօրինակման է արժանի նաև իր նվիրվածությամբ թատրոնին և ստեղծագործական բարձր կարգապահությամբ: