
1956-ին Թբիլիսիի հայ դրամայից փոխադրվելով Սունդուկյանի անվան թատրոն, Բաբկեն Ներսիսյանը դերասանական նոր միջավայրում անմիջապես գտավ իրեն, ինչպես և հանդիսատեսի ու քննադատության համակրանքը:
Սունդուկյանի անվան թատրոն էր գալիս ստեղծագործական հարուստ փորձի և կայուն նախասիրությունների տեր մի դերասան, որ ուներ մեծ դերերի ոչ միայն չթաքցրած հավակնություն, այլև հնարավորություն:
Նոր թատերաշրջանում նա շատ չանցած գրավեց իր տեղը` ունենալով իր անելիքը:
Ներսիայանի առաջին ցայտուն անձնավորումը (Մաուրիսիո
‹‹Ծառերը կանգնած են մահանում››) վկայեց նրա ակներև ձիրքն ու հասուն վարպետությունը: Նույն գրավչությունն էր տալիս
‹‹Դեպի ապագայի›› նրա կատարմանը (Հեղինակ, մարտիկ և քաղաքացի), հակառակ դեր խաղաց Բեն Ալեքսանդրի (
‹‹Իմ սիրտը լեռներում է››) և Արա Գեղեցիկի անձնավորումներում:
Առաջին դեպքում բացահայտ պաթոսային խոսքի տեր դերասանը ցույց տվեց բանասիրական խոսքի տիրապետման հիանալի արվեստ:
Բ. Ներսիսյանը, որ արտասանության լավագույն վարպետներից էր (Սայաթ-Նովայի արտասանության մեջ թերևս չգերազանցված),
‹‹Դեպի ապագայում›› Ե. Չարենցի խոսքը հնչեցրեց արտիստական ճշմարիտ ներշնչանքով, հավաք ու խստորոշ: Այստեղ պաթետիկ արտասանությունը ուներ գեղարվեստական արդարացում և իմաստավորում:
Անվերապահ հաջողություն ունեցավ նրա Գևորգը (
‹‹Նույն հարկի տակ››), որի մասին քննադատությունը գրեց.
‹‹Դերասնաի վառ, ինքնատիպ ձիրքը, սուր դերապատկերի նրա հակումը` այս ներկայացման մեջ գտան արժանի գործադրություն››:
Բաբկենի անձնավորած կերպարները ստեղծել են գույների շռայլ նվիրումով, արտիստական վարակիչ բավականությամբ, մերկացման շեշտված պաթոսով, վերջապես դերասանին հատուկ պլաստիկայով:
Դերասանն անձնավորել է հրաշալի դրական կերպարներ` Բեն Ալեքսանդր (Վ. Սարոյան
‹‹Իմ սիրտը լեռներում է››), Եղիշե Չարենց (
‹‹Դեպի ապագան››), Պեպինո (Դե Ֆիլիպո
‹‹Շաբաթ, կիրակի, երկուշաբթի››), Մուրոմսկի (Սուխովո –Կոբիլին
‹‹Դատական գործ››):
Միքայելը (Շիրվանզադե
‹‹Քաոս››) Բաբկեն Ներսիսյանի լավագույն դերերից է` հարուստ դերասանի և՛ մերկացման, և՛ հաստատման գծերը երևացնելու հնարավորություններով: Հետաքրքիր էր Ներսիսյանի անձնավորած Սամսոնյանը (Գ. Սունդուկյան
‹‹Ամուսիններ››): Վերստին փարթամ խաղ, գույների թանձրացում, բացասման արտիստական բավականություն:
Միանգամայն սպասելի էր, որ Բ. Ներսիսյանի արտիստական տվյալները կներդաշնակեն Եվրիպիդեսի
‹‹Իֆիգենիուն Ավլիսում›› ողբերգությունը Ագամենոնի դերիում և այդպես էլ եղավ:
‹‹ԾԱՌԵՐԸ ԿԱՆԳՆԱԾ ԵՆ ՄԱՀԱՆՈՒՄ››-Մաուրիսիո
‹‹ՆՈՒՅՆ ՀԱՐԿԻ ՏԱԿ››-Գևորգ
‹‹ՔԱՈՍ››-Միքայել
‹‹ԱՐԱ ԳԵՂԵՑԻԿ››-Արա
‹‹ԻՄ ՍԻՐՏԸ ԼԵՌՆԵՐՈՒՄ Է››-Բեն-Ալեքսանդր
‹‹ՎԱՐԴԱՆԱՆՔ››-Եղիշե
‹‹Պեպո››-Պեպո
‹‹ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾ››-Մուրոմսկի
‹‹ԵՐՐՈՐԴ ՊԱԹԵՏԻԿԱԿԱՆԸ››-Լենին
‹‹ՊԱՏՎԻ ՀԱՄԱՐ››-Էլիզբարով
‹‹ՄԱԴԱՄ ՍԱՆ-ԺԵՆ››-Նապոլեոն
‹‹ԿԵՆԴԱՆԻ ԴԻԱԿ››-Պրոտասով
‹‹ՆՈՒՅՆ ՀԱՐԿԻ ՏԱԿ››-Գևորգ
‹‹ՄԱԴԱՄ ՍԱՆ-ԺԵՆ››-Նապոլեոն
‹‹ՍԱՅԱԹ ՆՈՎԱ››-Սայաթ Նովա /ֆիլմ/
|
Նշաանվոր դերասանի լավագույն դերակատարումներից է Վիկտոր Ֆրանկը Արթուր Միլլերի
‹‹Գինը›› դրամայում:
Մեծ վարպետությամբ խաղաց Ներսիսյանը Արայի և Արտավազդի դերերը: Դերասանը խաղում էր թեթև և թրթիռով, նա հմայիչ էր ու առնական: Նրա խոսքն անբասիր էր, մաքուր, նա արքա էր, խոհի մարմնացում:
Հանդիսատեսը այսօր էլ հիշում է Սուխովո-Կոբիլինի
‹‹Դատական գործը››: Բաբկեն Ներսիսյանը եղել և մնում է Մուրոմսկու միակ դերակատարը:
Նույնը կարելի է ասել նաև նրա աձնավորած Նապոլեոնի կերպարի մասին (Սարդո
‹‹Մադամ Սանժեն››):
Բաբկեն Ներսիսյանի ավանդը շոշափելի եղավ հայ կինոյում, ռադիոյում, հեռուստատեսությունում, առավել ասմունքային բեմահարթակում: Այն ամենը, ինչ կարողացավ ներդնել նշանավոր դերասանը հայ թատերական արվեստի առաջընթաց ճանապարհին, ծանրակշիռ ավանդ եղավ:
Վերասլաց բանաստեղծական փայլով հագեցած էր Բաբկեն Ներսիսյանի բեմական խոսքը, որն ուներ ներքին երաժշտականություն, ռիթմական զարմանալի նկարագիր, որը նույնպես արդյունավետ էր թիֆլիսյան դերասանական արվեստի, միջավայրի բանաստեղծական ոգորման:
Բաբկեն Ներսիսյանն այն դերասնաններից էր, որը թատրոնում սեփական թատրոնն էր ստեղծել` որտեղ լինելով միակն ու եզակին, հավատարիմ էր մնացել ինքն իրեն:
Չափազանց դժվար է նկարագրական լեզվով, թեկուզ հնարավորին չափով փոխադրել հույզերի ու զգացմունքների այն երանելի աշխարհը, ինչն իր վարպետությամբ ստեղծել է Բաբկեն Ներսիսյանը: