
Վաղարշ Վաղարշյանը (Վաղարշակ Տեր-Պողոսյան, 1894-1959) ծնվել է Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում: Հայկական բեմը քիչ է ունեցել դերասաններ, որ իրենց ձիրքը, վարպետությունը, իրենց արտիստական էությունը կարողացել են այնպես ներդաշնակ զարգացնել և անմնացորդ արտահայտել արվեստի մեջ, իրենց ասելիքն ասել այնպիսի մշակումով ու ճաշակով, ինչպես այդ արել է Վաղարշ Վաղարշյանը:
1923-ից Վաղարշյանը հաստատվում է Երևանում և դառնում Առաջին պետական թատրոնի դերասան: Նա չհապաղեց գտնել իրեն և իր տեղը նորաստեղծ թատրոնում:
Հյուսիսային Կովկասում հռչակված, առաջին դերասանի դիրքի ու առաջնակարգ դերերի սովոր Վաղարշյանը Առաջին պետական թատրոնում մերվում է ընդհանուր անսամբլին: Այսեղ նա ոչ միայն Օթարյան է խաղում կամ Սուրեն (
‹‹Պատվի համար››), այլև Ռոզենկրայ (
‹‹Համլետ››), ոչ միայն Խլեստակով և Պավել Առաջին, այլև Ելիսատով (
‹‹Լյուբով Յաբովայա››) և Գյուլաչկին (
‹‹Մանդատ››):
Առաջին պետթատրոնում անցկացրած առաջին տասնամյակը Վաղարշյանի համար դառնում են ստեղծագործական կատարելության հասնելու տասնամյակ: Ամենատարբեր բնույթի և ծավալի չորս տասնյակից ավելի դերակատարությունները հղկում, փայլ են տալիս արտիստի տաղանդին և նա բարձրանում է իբրև թատրոնի առաջին անուններից մեկը` խոսքի բարձր կուլտուրայով, ճկուն պլաստիկայով, շարժման ու ժեստի նուրբ արտահայտությամբ, իբրև նշանավոր դերերի փայլուն կատարող: Արտիստի զարգացումը ընթանում է չխոտորվող վերընթաց գծով` հասնելով Բուլըչովի մակարդակին:
Սուրեն, Խլեստակով, Պավել Առաջին, Բելոգուբով (
‹‹Արդյունավոր պաշտոն››), Տրանիո (
‹‹Կամակոր կնոջ սանձահարումը››), Բորոդին (
‹‹Ահը››), Ասլան ամի (
‹‹Օղակում››), Պոլեժաև,- այս և ուրիշ անձնավորումներ Վաղարշյանին բերեցին իսկական ճանաչում:
Դեռևս 1925-ին Եղիշե Չարենցը Վաղարշյանի մասին գրել է
‹‹... ահա իսկապես մի տաղանդ, որ երեք տարի է, կարծեմ, խաղում է մեզանում, և մենք չենք տեսնում, թե հանձին նրա ինչպիսի մեծ ուժ ունի մեր Պետթատրոնը... իսկ Պավել Առաջինով նա ցույց տվեց, որ ունի բոլոր տվյալները թատերական առաջնակարգ ուժ դառնալու: Նկատելի է, որ բացի ընդունակությունը, լուրջ զբաղվում է իր արվեստով և արդեն իսկ ունի մշակված արվեստագետի տակտ և ‹‹չափի զգացողություն››:
Իսկ այս արդեն շատ մեծ առավելություն է յուրաքնչյուր ոչ միայն երիտասարդ, այլև արդեն որոշված արվեստագետի համար››: Հետագա տարիները հաստատեցին բանաստեղծի կանխատեսությունը, Վաղարշը դարձավ այդ ‹‹առաջնակարգ ուժը››:
Վաղարշ Վաղարշյանի նվաճումներից մեկը Եգոր Բուլըչովի դերակատարումն էր`ամենաբարձր երևույթներից մեկը, որ տեսել է հայակական բեմը:
Կյանքի ու աշխարհի վրա ունեցած հայացքը զարգացրեց շեքսպիրյան Համլետի դերակատարման մեջ (1942):
Իբրև դերասանական արվեստի երևույթներ` ավելի արժանիքներ էին Արբենինը (
‹‹Դիմակահանդես››) և Պրոտասովը (
‹‹Կենդանի դիակ››), որոնց Վաղարշյանը ներկայացրել է արտիստական փայլով, հոգեբանական խորությամբ և հրապարակախոսական շերտի անվրեպ միջամտությամբ:
Վաղարշ Վաղարշյանը առաջնակարգ դերասան էր՝ հղկված վարպետությամբ, անձնավորման կատարյալ պլաստիկայով, ստեղծագործական միասնական պաթոսով, ժամանակի սուր զգացողությամբ: